ԱՀ Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր համայնքը 502 բնակիչ ունի. պատերազմի ավարտից հետո բոլորը գյուղ են վերադարձել: Այդ մասին ասել է Հարությունագոմերի համայնքապետ Հենրիկ Սարգսյանը, գրում է «Արցախպրեսը»։
«Գյուղում վերաբնակություն է հաստատել տեղահանված 7 ընտանիք: Մեր հայրենակիցներին սիրով ևս 2 տուն կարող ենք տրամադրել: Դպրոցի շենքը նորակառույց է, հաճախում է 65 աշակերտ։ Մանկապարտեզի շենքը նույնպես նորակառույց է. ունի 22 սան: Համայնքում գործում են համայնքային կենտրոն և բուժկետ, որոնց շենքերը վերանորոգման կարիք ունեն: Հանդիսությունների սրահը վերջերս է կառուցվել, բայց դեռևս չի կահավորվել»,-ասել է նա։
Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ:
«Մինչ պատերազմը գազաֆիկացման անհրաժեշտություն չէր զգացվում, սակայն վերջերս էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով բնակչությունը կարիքը զգում է։ Գյուղը ջրային ցանց չունի, աղբյուրներից ենք օգտվում: Ներհամայնքային ճանապարհները գտնվում են վատթար վիճակում։ Գյուղը մայրուղուն կապող ճանապարհն ասֆալտապատված է. դեպի մայրաքաղաք տրանսպորտ է գործում»,- նշել է Սարգսյանը:
Նա տեղեկացրել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից համագյուղացիներից չորսը վիրավորվել են։
Համայնքապետի հավաստմամբ՝ բնակչության մեծամասնության զբաղվածությունն ապահովում է «Բեյզ Մեթլս» ընկերությունը։ Մարդիկ նաև այգիներն են մշակում, անասնապահությամբ զբաղվում։






