Կիպրոս կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հանդիպմանը Կիպրոսի նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հետ երկուստեք կարևորվել են Հայաստանի ու Կիպրոսի կողմից ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված շարունակական ջանքերը, ինչպես նաև միասնական պայքարը համամարդկային իրավունքների ու արժեքների պահպանման և արդարության վերականգնման հարցերում:
Նախագահի հանձնակատարը Կիպրոսի նախագահի բարեմաղթանքներն է փոխանցել` ափսոսանք հայտնելով, որ նա աշխատանքային այցով օրեր առաջ մեկնել է երկրից:
Ալեն Սիմոնյանն անգնահատելի է համարել եղբայրական Կիպրոսի իշխանությունների և խորհրդարանի բոլոր գործընկերների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող բոլոր կենսական հարցերում:
Կողմերն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիային` այս համատեքստում քննարկելով անհետ կորածների, ռազմագերիների և պատանդության մեջ գտնվողների թեման:
Նախագահի հանձնակատարը, անդրադառնալով հայ-կիպրական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորել է Կիպրոսի հայ համայնքի դերը: Նա ՀՀ ԱԺ նախագահին մանրամասներ է ներկայացրել հայկական դպրոցների և եկեղեցու պահպանման գործում պետական հոգածության մասին:
Անդրադարձ է եղել հայկական և կիպրական սփյուռքին` կարևորելով սփյուռքի գործոնը համատեղ խնդիրների բարձրաձայնման և անհրաժեշտ լուծումներ նախանշելու հարցերում:
Նախագահի հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հարաբերությունները Կիպրոսի առաջնահերթություններից են: Նա տեղեկացրել է, որ այդ շրջանակում նախատեսվում է հայերի և պոնտոսցի հույների ցեղասպանություններին վերաբերող ցուցահանդես բացել Հունաստանի հայաշատ Սալոնիկ քաղաքում:
Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ ծրագրերի իրականացումը նշանակալի ներդրում կունենա Հայաստանի և Կիպրոսի միջև առկա գերազանց հարաբերությունների առավել ընդլայնման և բազմաբնույթ համագործակցության նոր հնարավորությունների նախանշման հարցում:
Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այդ երկրի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ հանդիպմանը մեծապես կարևորել է Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափի շուտափույթ մեկնարկը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում:
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Նիկոսիայի քաղաքապետ Կոնստանտինոս Յորկաջիսին: Զրուցակիցները քննարկել են կրթությանը, մշակույթին և հանրային փոխադարձ հետաքրքրություններին առնչվող հարցեր:






