Արցախում գործող շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպություն բաց նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Ադրբեջանի կողմից ԱՀ-ում պարբերաբար իրականացվող սադրիչ գործողությունների կանխման խնդրանքով, տեղեկացնում է Արցախպրեսը։
«Ադրբեջանական կողմի նման պահվածքը խաթարում է տարածաշրջանում հաստատված կայունությունը, սպառնալիք է Արցախի ժողովրդի համար և նպատակ ունի վարկաբեկելու ՌԴ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունն Արցախում» ,- ասված է նամակում։
Նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Ավելի վաղ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվել էր գյուղաշխատանքներ կատարող տրակտորիստը։






