Շուշիի մոտ նռնակի պայթյունից 3 ադրբեջանցի է վիրավորվել։
Նոյեմբերի 13-ին՝ վաղ առավոտյան, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում՝ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան, ասվում է ԱՀ ԱԱԾ հայտարարության մեջ։
Միջադեպի հետևանքով ադրբեջանցի 3 զինծառայող է վիրավորվել՝ ծանրության տարբեր աստիճանի, գրում է Haqqin.az-ը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, «Հայաստանի քաղաքացի Նորայր Միրզոյանը, հասնելով անցակետին, դուրս է եկել իր վարած ավտոմեքենայից և նռնակ է նետել ադրբեջանցի զինծառայողների ուղղությամբ»։
Վիրավորվածներից մեկը ժամկետային զինծառայող ենթասպա Հաֆիզ Նասիբովն է։
Նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Ավելի վաղ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվել էր գյուղաշխատանքներ կատարող տրակտորիստը։






