AM
16 Նոյեմբեր 2021 - 13:49 AMT

Ռայիսի․ Աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանի երկրների սահմանների որևէ փոփոխություն անընդունելի է

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանի երկրների սահմանների որևէ փոփոխություն անընդունելի է։

Նա նաև ողջունել է Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ուղղված Ռուսաստանի նախաձեռնությունը։ Ռայիսին նաև կարևորել է երկու երկրի գործակցության կարևորությունը տրածաշրջանային հարցերում, գրում է ՏԱՍՍ-ը՝ Իրանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով։

Հեռախոսազրույցի մասին Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ Պուտինն իրազեկել է իրանական կողմին հրադադարի ռեժիմի պահպանման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմից ձեռնարկվող քայլերի մասին։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։

Հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։