Իրանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր ռազմական գործողությունների փաստի առնչությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:
Նա ներկայիս լարվածությունը վտանգավոր է համարել տարածաշրջանում խաղաղության ու առաջընթացի հասնելու աստիճանական գործընթացի համատեքստում:
Նա կոչ է արել երկու երկրին ցուցաբերել զսպվածություն, զգուշանալ հակամարտությունն ընդլայնելուց ու էլ ավելի լարելուց՝ խնդիրները լուծելով երկխոսության ու խաղաղ միջոցներով, հայտնում է Regionmonitor-ը։
Խաթիբզադեն ընդգծել է երկու երկրի կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը:
Նա հաստատել է, որ Իրանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ է օգնել կողմերին լուծելու վեճերն ու տարածաշրջանում հաստատելու կայունություն և անվտանգություն:
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։
Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։






