AM
26 Նոյեմբեր 2021 - 12:10 AMT

Ռուդենկո․ Հուսով ենք՝ Սոչիի հանդիպմանը կհաջողվի նախանշել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հեռանկարը

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է` ռուսական կողմը հուսով է, որ Սոչիում կայանալիք ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը կհաջողվի նախանշել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները։

«Մեր ակնկալիքը, ինչպես և այդ երկու երկրում, ՌԴ-ում, Հարավային Կովկասում ապրող բոլոր մարդկանց մոտ, այն որ է, որ տարածաշրջանում շուտ հաստատվի երկար սպասված խաղաղությունը և կայունությունը»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ հանդիպումն ընդհանուր առմամբ միտված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անցած մեկ տարվա արդյունքների որոշակի ամփոփմանը։

«Տեսնելու համար, թե ինչ է արվել և ինչ կարելի է անել հետագայում՝ առաջ տանելու համար խաղաղ գործընթացը, ընդհանուր առմամբ ինչպես առաջ մղել երկրների միջև կարգավորման գործընթացը։ Հուսով ենք, որ այս հանդիպմանը համաձայնագիրը ստորագրած երեք երկրների ղեկավարները կնախանշեն այդ հեռանկարային ուղղությունները»,-ասել է Ռուդենկոն։

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կարգավորման գործընթացում առկա բոլորին հայտնի խնդիրները պահպանվում են։

«Դրանք վերաբերում են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ մենք դառնում ենք զինված միջադեպերի ականատեսը և նույնիսկ մարդիկ են զոհվում»,-ասել է նա։

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը։

Տեղի է ունենալու նաև Փաշինյանի և Պուտինի առանձնազրույցը։ Պուտինն առանձին հանդիպում կունենա նաև Ալիևի հետ։