AM
26 March 2009 - 18:59 AMT

Տարմո Ռյույտլի. Հայերը գնդակին լավ են տիրապետում, սակայն նրանց խաղը չափազանց անկանխատեսելի է

Էստոնիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Տարմո Ռյույտլին վերջապես վերջնական որոշում է կայացրել այն մասին, թե ում կտանի Հայաստան Աշխարհի առաջնության ընտրախաղերին մասնակցելու: Սակայն նա այդպես էլ չի հաղորդել, թե ով դաշտ դուրս կգա խաղի սկզբում:

«Շաբաթ օրը դաշտ դուրս եկող թիմի կազմը դեռեւս որոշված չէ: Հայաստանում խաղից առաջ երկու օր կլինի անհրաժեշտ շտկումներ կատարելու համար», – ուղղակի պատասխանից խուսափել է Ռյույտլին, – «տարբերակները մշակվում են», – Ռյույտլիի խոսքերը մեջ է բերում postimees.ee-ը:

Հավաքականի կազմի նախնական ցուցակից դուրս են եկել Արթուր Կոտենկոն եւ Միխկել Ակսալուն, կիսապաշտպան Ատս Պուրյեն եւ հարձակվող Կրիստեն Վիյկմյաէն:

Խոսելով ապագա հակառակորդի մասին, որի հետ երկու խաղ է խաղացվելու` շաբաթ օրը հակառակորդի դաշտում, իսկ չորեքշաբթի օրը` տանը, Ռյույտլին չի ցանկացել որեւէ հստակ խոստում տալ:

«Էստոնիան եւ Հայաստանն այնպիսի զույգ են, որի միջեւ ինչ ասես կարող է պատահել: Հակառակորդը բավականին ուժեղ է: Էստոնիայի համար թույլ հակառակորդ գոյություն չունի, եթե ժամանակակից ֆուտբոլում այլեւս չկան շատ թույլեր, – ասել է հավաքականի գլխավոր մարզիչը, – եթե կարողանանք հանդես գալ մեր լավագույն մակարդակով, ապա կարող ենք նաեւ միավորներ ստանալ», – նշել է Ռյույտլին:

Միավորներ ստանալու անհրաժեշտության եւ հնարավորության մասին խոսել է նաեւ Էստոնիայի հավաքականի կիսապաշտպան Տարմո Կինկը:

«Բոլոր ընտրախաղերն էլ կարեւոր են: Բայց չէ-որ Հայաստանի հետ խաղում միավորներ ստանալն ավելի հեշտ է, քան Իսպանիայի հետ խաղում: Անշուշտ, շատ բան կախված կլինի հաջողակությունից, սակայն եթե մենք կարողանանք երկու խաղի ընթացքում երեք-չորս միավոր ձեռքբերել, ապա կարող ենք գոհ մնալ արդյունքից: Երկու միավորն էլ վատ չի լինի, բայց ահա զրոն ձեռնտու չէ», – ասել է Կինկը:

Խոսելով հակառակորդների մասին` Ռյույտլին հիմնվել է վերջիններիս ուժեղ կողմերի վրա:

«Հայերը լավ են տիրապետում գնդակին, սակայն նրանց խաղը չափազանց անկանխատեսելի է: Նրանց թիմում շատ կան լավ տեխնիկա ունեցող խաղացողներ, ովքեր չպետք է մնան մեր տուգանային հրապարակում առանց մեր «խնամակալների»», – նշել է Ռյույտլի: