ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դիմել է Կոնգրեսին ուղերձով, որում կոչ է արվում հանել Հայաստանին եւ ԱՊՀ էլի 8 անդամ-երկրների այն պետությունների ցուցակից, որոնց վրա տարածվում է Ջեկսոն-Վենիկի ուղղումը: Հիշեցնենք, որ ուղղումը նախատեսում է առեւտրային սահմանափակումներ: Խորհրդային Միության դեմ 1974 թվականին կոնգրեսականներ Ջեկսոնի եւ Վենիկի նախաձեռնությամբ կիրառված պատժամիջոցները` ԽՍՀՄ փլուզումից հետո տարածվեցին ԱՊՀ բոլոր երկրների վրա: Հունվարի սկզբին Կոնգրեսում սկսվեցին քննարկումները` Հայաստանի եւ ԱՊՀ եւս մի շարք երկրների վրա Ջեկսոն-Վենիկի ուղղման վերացման հարցի վերաբերյալ: Ուղղման վերացումը կազատի հայ արտահանողներին բարձր հարկային սակագներից, ինչը Հայաստանի արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրանքը կդարձնի ավելի մրցունակ: Պատժամիջոցների վերացման հարցի հակառակորդները բացատրում էին իրենց սկզբունքայնությունը, Ռուսաստան ներմուծվող հավի տոտիկների սահմանափակման վերացման մասին հարցի որոշմանը հասնելու ցանկությամբ: Քանզի Ռուսաստանը նույնպես ընդգրկված է ցուցակում, որոնց հանդեպ առաջարկվել է վերացնել պատժամիջոցը, ապա Հայաստանը «առեւտրական պատերազմի» զոհ է դարձել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ: