Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Յան Պոուլսենը լավատեսորեն է տրամադրված Էստոնիայի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 28-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ԱԱ-2010 նախընտրական փուլի շրջանակներում: Պոուլսենը հանդիպումից առաջ կայացած մամլո ասուլիսին հայտնել է, որ առաջիկա խաղին Հայաստանի հավաքականը ֆավորիտ է:
«Ես դիտել եմ Էստոնիայի հավաքականի խաղերի տեսագրությունները: Նրանց ֆուտբոլիստները ֆիզիկապես լավ են պատրաստված, բայց պակաս կրեատիվ չեն: Այս հանդիպմանը մեր հավաքականը ֆավորիտ է: Ես վստահ եմ դրանում: Կարծում եմ, որ հանդիպումը կավարտվի 1:0 մեր օգտին»,- նշել է Պոուլսենը:
Պոուլսենը նաեւ նշել է, որ Հայաստանի հավաքականը ԱԱ-2010 նախընտրական փուլի շրջանակներում երկրորդ անգամ է խաղում հայրենի երկրում, իսկ էստոնական հավաքականի հետ խաղը կդառնա առաջին հանդիպումը հանրապետական մարզադաշտում, եւ, չնայած որոշ առանցքային մարզիկների վնասվածքներին, հավաքականը լավ ֆուտբոլ ցույց կտա:
«Շատ ֆուտբոլիստներ իրենց ակումբներից վնասվածքներով են վերադարձել հավաքականի կազմ: Բժշկական միջամտություն է պահանջվել Ռոբերտ Արզումանյանին, Արթուր Ոսկանյանին, Արա Հակոբյանին եւ Հենրիխ Մխիթարյանին: Բայց մեր բժիշկը հրաշք գործեց եւ այժմ այդ ֆուտբոլիստները միանգամայն պատրաստ են վաղը դուրս գալու խաղադաշտ,- ասել է Պոուլսենը:- Միակ խնդիրը Ալեքսանդր Թադեւոսյանի վնասվածքն է, ինչի կապակցությամբ խնդիր է առաջանում կենտրոնական պաշտպանությունում: Ուստի մեր ֆուտբոլիստները հատկապես ուշադիր կլինեն պաշտպանության հարցում: Դա վերաբերում է ոչ միայն պաշտպաններին, այլեւ ողջ թիմին: Մենք հաղթանակի համար կձեռնարկենք ամեն հնարավոր բան»,- ավելացրել է նա:
Ամփոփելով իր խոսքը` Պոուլսենը ասել է, որ Հայաստանի հավաքականին հզոր առաջնություններում խաղացող լեգիոներներ են հարկավոր:
«Ես կարծում եմ, որ 3-4 տարի անց մենք կունենանք հզոր եւ մրցունակ հավաքական: Ես տեսնում եմ, որ աճող սերունդը շատ մեծ պոտենցիալ ունի: Նրանք իսկապես կարող են հզորացնել հավաքականը: Բայց դրա համար նրանց հարկավոր է ելույթ ունենալ առավել ուժեղ առաջնություններում: Հանդես գալով այնպիսի երկրների առաջնություններում, ինչպիսիք են Հայաստանը եւ Դանիան, նրանք չեն կարողանա դառնալ բաձրակարգ ֆուտբոլիստ»,- ասել է դանիացիա մասնագետը: