Հայ բռնցքամարտիկ Ցոլակ Անանիկյանը դուրս է եկել բռնցքամարտի «Ֆելիքս Շտամմ» միջազգային 26-րդ մրցաշարի եզրափակիչ, որը մեկնարկել է մարտի 24-ին Վարշավայում: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում, այսօր կիսաեզրափակչում 91 կգ քաշայինների կարգում հանդես եկող Անանիկյանը հանդիպել է լիտվացի բռնցքամարտիկի հետ:
Հիշեցնենք, որ «Ֆելիքս Շտամմ» մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 5 բռնցքամարտիկներ, որոնցից միայն Անանիկյանին է հաջողվել հաջող հանդես գալ:
Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Հրաչիկ Ջավախյանն (64 կգ քաշային կարգում) իր առաջին մենամարտում հաղթեց Սլովակիայի ներկայացուցչին 6:0 հաշվով, իսկ երկրորդ մենամարտում տանուլ տվեց ռուս բռնցքամարտիկին 1 միավորի տարբերությամբ:
Ռոբերտ Եղիսյանը (57 կգ քաշային կարգ), Արա Փուլուզյանը (60 կգ քաշային կարգ) եւ Արմեն Եփրեմյանը (69 կգ քաշային կարգ) անհաջող ելույթ ունեցան, տանուլ տալով իրենց առաջին իսկ մենամարտերում եւ դուրս մնացին մրցաշարից: Ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆիկ Մեհրաբյանի, Եփրեմյանն ու Փուլուզյանը պարտվել են լեհ բռնցքամարտիկներին դատավորների կողմից կանխակալ մոտեցման պատճառով: