Արցախի ոստիկանությունում կկազմավորվեն ոստիկանության զորքեր, որոնք կմասնակցեն հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ԱՀ պաշտպանությանը, ինչպես նաև կպահպանեն հատուկ և կարևորագույն օբյեկտներն ու կապահովեն հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունը, բացի այդ՝ կապահովվի համապատասխան օրենքներում հասկացությունների միասնականությունը։
Օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում։
Օրակարգում «Ոստիկանության զորքերի մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն էր:
Փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախում վերջին պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով:
Առաջարկվում է սահմանել ոստիկանության զորքերի հասկացությունը, խնդիրները, գործունեության իրավական հիմքերն ու սկզբունքները, ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունները և իրավունքները, ոստիկանության զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաև ոստիկանության զորքերի ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովման կարգը:
Օրինագիծին ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել: Այն առաջին ընթերցմամբ ներկայացվելու է հերթական նիստի քննարկմանը:






