AM
15 Դեկտեմբեր 2021 - 07:53 AMT

Միշել․ Տնտեսական համագործակցության հարթակ ենք առաջարկել ՀՀ-ին և Ադրբեջանին

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպմանը քննարկել է կողմերի միջև վստահության ամրապնդմանն ու տնտեսական գործակցության զարգացմանն ուղղված տնտեսական հարթակ ստեղծելու ԵՄ նախաձեռնությունը։ Այդ մասին ասվում է Միշելի հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ղեկավարները քննարկել են առկա և հեռանկարային առևտրային և տնտեսական կապերը ԵՄ և երկու երկրների միջև։ Նրանք նաև քննարկել են տնտեսական խորհրդատվական հարթակ ստեղծելու ԵՄ մտադրությունը՝ վստահության ձևավորման, տարածաշրջանում խաղաղ գոյակցությանը և տնտեսական համագործակցության հաստատմանն աջակցելու նպատակով»,-ասվում է Միշելի հայտարարության մեջ։

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

Եվրամիությունը փորձագիտական առաքելություն կտրամադրի ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանգծման հարցի լուծման համար։ Այդ մասին ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ, որը նա տարածել է դեկտեմբերի 14-ին իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո։