AM
16 Դեկտեմբեր 2021 - 06:30 AMT

Ալիևը՝ գերիների մասին․ Նրանց ՀՀ-ին վերադարձրինք, բայց այնտեղ ձերբակալվեցին` չի բացառվում, որ խոշտանգեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսպանական El Pais-ին տված հարցազրույցում խոսելով հայ գերիների մասին, հայտարարել է, որ Հայաստանում ձերբակալել են ադրբեջանական կողմից վերադարձված անձանց:

«Ադրբեջանից վերադաձած անձանցից մի քանիսին Հայաստանում ձերբակալել են։ Սա շատ լուրջ ազդակ է մեր, վերադարձածների և նրանց հարազատների համար։ Մենք նրանց Հայաստան վերադարձրինք, իսկ նրանց ձերբակալեցին։ Չի բացառվում, որ այդ մարդկանց խոշտանգեն․․․ Եթե մենք ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Դա իրական փաստ է և այն կարելի է հաստատել»,-ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։

Ալիևը նաև ասել է, թե ադրբեջանական կողմը վերադարձրել է բոլոր այն անձանց, «որոնք հանցագործություն չեն կատարել ադրբեջանցիների հանդեպ»։

Նա նաև ասել է, թե Ադրբեջանն արդեն 100-ից ավելի զինծառայող է վերադարձրել Հայաստանին, և, որ 2021թ․ նոյեմբերին «սադրանքի հետևանքով Ադրբեջանը 30 հայ զինծառայողի է գերեվարել, իսկ 2020-ի նոյեմբերից ի վեր՝ 40 զինծառայողի»։

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերուց 5-ը ձերբակալվել է, նրանցից 1-ը՝ կալանավորվել։

Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, աբդրադառնալով գերիների խնդրին, ասել է, որ հանրությունը պետք է հասկանա, որ գերի ընկնելը լավ բան չէ՝ դա չի նպաստում սահմանների պաշտպանված լինելուն:

Դեկտեմբերի 7-ին Telegram-ալիքները տեսանյութ են հրապարակել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա ինչ-որ միջոցառման ժամանակ անհայտ զրուցակցի հետ զրույցում անդրադառնալով գերիների հարցին, մեղադրում է գերիներին զենքը վայր դնելու և հանձնվելու մեջ և ասում, որ իր համար նրանք «արդեն չկան»։ «Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են․․․էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել ու մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն․․․»,-ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ակտիվ չեն, քանի որ գիտեն, որ «էդ մարդիկ դասալքություն են արել»։ Ավելի ուշ, մեկնաբանելով իր զրույցը, Սիմոնյանը պնդել է, որ այդ տեսանյութը մոնտաժված է։