AM
20 Դեկտեմբեր 2021 - 09:03 AMT

Պատերազմի ժամանակ Արցախի ԱԱԾ 18 զոհ և 49 վիրավոր է ունեցել, ևս 1 ծառայակցի ճակատագիրը դեռևս անհայտ է

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցել է 18 զոհ և 49 վիրավոր, ևս մեկ ծառայակցի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Այդ մասին ասվում է ԱԱԾ ծառայողի օրվա կապակցությամբ Արցախի ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանի ուղերձում։

«2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ազգային անվտանգության մարմիններն անցել են լրջագույն փորձությունների միջով, մասնակցել ռազմաճակատի տարբեր ուղղություններում ծավալված մարտական գործողություններին, անգնահատելի ներդրում ունեցել մի շարք թեժ կետերում հատուկ առաջադրանքների կատարման ընթացքում։

․․․Ազգային անվտանգության ծառայության կողմից կատարվող որոշ աշխատանքներ և գործառություներ տեսանելի են հանրությանը, բայց համակարգի առանձնահատկությունից ելնելով՝ մեծածավալ աշխատանքներ կատարվում են անտեսանելի ճակատներում, ուր ծառայում են նվիրումով ու պրոֆեսիոնալիզմով օժտված սպաներ, որոնք կատարում են լուրջ վերլուծական ու ինտելեկտուալ աշխատանք՝ անձի, հասարակության և պետության դեմ ուղղված ներքին ու արտաքին սպառնալիքների հակազդման, կանխարգելման ու չեզոքացման ուղղությամբ։

Անգնահատելի է համակարգի այն աշխատակիցների բարեխիղճ, պատասխանատու ու անձնվեր ծառայությունը, որոնք նպաստել են կառույցի ձևավորման, զարգացման և բարի ավանդույթների ձևավորման գործընթացներին:

Պատերազմից հետո Արցախում ու տարածաշրջանում ունենք նոր իրողություններ ու մարտահրավերներ, որոնց համարժեք արձագանք տալու համար ազգային անվտանգության մարմիններում կատարվում են համապատասխան բարեփոխումներ»,- ասվում է ուղերձում։