AM
20 Դեկտեմբեր 2021 - 10:04 AMT

Բեգլարյան․ Արցախում կարանտինը կերակարցվի, սակայն էական մեղմացում կլինի

Արցախի կառավարության որոշման նախագիծ է մշակվում՝ դեկտեմբերի 24-ից երկարաձգելու գործող կարանտինը, սակայն որոշ էական պայմանների մեղմացմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դեպքերի նշանակալի նվազումը և սահմանափակումների բացասական ազդեցությունը հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտների վրա: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Մասնավորապես, նախատեսվում է վերացնել հավաքների ու միջոցառումների համար գործող քանակական սահմանափակումը, ուսումնական հաստատություններում դասերը կանցկացվեն սովորական ռեժիմով ու լրիվ կազմով: Բացի դրանից, քննարկվում են տարբերակներ չպատվաստվածների համար կիրառվող թեստավորման պահանջում պարբերականության ու թեստի գնի իջեցում իրականացնելու վերաբերյալ:

Երբ վերջնական որոշումը հաստատվի առաջիկա օրերին, նոր պայմանները կհրապարակվեն:

«Ամեն դեպքում, ուժի մեջ են մնում անհատական պաշտպանության միջոցների կիրառման պահանջը և պատվաստման հորդորը: Ես ինքս բավարարված չեմ այդ երկուսի իրականացման մակարդակով, և խստիվ հորդորում եմ մեր քաղաքացիներին ուշադիր լինել սեփական ու շրջապատի մարդկանց առողջության ու կյանքի հանդեպ՝ պահպանելով անվտանգության կանոնները և պատվաստվելով: Խնդրում եմ նաև հանրային բարձր անհանդուրժողականություն ցուցաբերել Ձեր շրջապատում անվտանգության կանոնների չպահպանման դեպքերի հանդեպ, քանի որ դրանց հետևանքը կարող է մարդկային կյանք արժենալ, այդ թվում՝ Ձերը կամ Ձեր հարազատինը»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 19-ին կատարվել է 92 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 78 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 43-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: