AM
24 Դեկտեմբեր 2021 - 09:58 AMT

ԱՀ նախագահը՝ ռուս խաղաղապահներին քննադատողներին․ Ճշմարտության աչքերին նայեք

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ԱՀ Ազգային ժողովում 2022թ․ պետբյուջեի քննարկման ժամանակ ասել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունն Արցախում պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը:

Իսկ ռուս խաղաղապահներին մի քանի դրվագներով քննադատողներին ԱՀ նախագահն ասել է, որ ճշմարտության աչքերին պետք է նայել՝ «մեղավորությունը մերն էր», տեղեկացնում է «Ա1+»-ը։

Նա հավելել է, որ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության հարցում Արցախի ժողովրդի կարիքն ու կարծիքը պետք է լինեն առանցքային գործոններ, քանի որ հենց արցախցիներն են խաղաղապահ առաքելության հիմնական շահառուները։

Հարությունյանը նշել է, որ շարունակվելու է պայքարը ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչման և բռնազավթված տարածքների վերադարձի համար: «Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա ԱՀ անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր ու անզիջում նպատակն է, որն ուղի կբացի Արցախյան շարժման վերջնանպատակի իրագործման համար »,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Նա նաև հավելել է, որ պատշաճ անվտանգություն ապահովելու ճանապարհին մեկ այլ կարևոր ուղղություն է Պաշտպանության բանակի, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կարողությունների ու ամրությունների հետևողական զարգացումը։