AM
24 Դեկտեմբեր 2021 - 14:55 AMT

Զախարովա․ Մոսկվան երկխոսում է տրանսպորտային կոնկրետ նախագծերի շուտափույթ գործարկման շուրջ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Հարավային Կովկասում ապաշրջափակման խնդիրներին, ասել է, որ Մոսկվան երկխոսություն է վարում տարածաշրջանային տրանսպորտային կոնկրետ նախագծերի շուտափույթ գործարկման շուրջ, որի վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև նոյեմբերի 26-ին` Սոչիում։

Պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ սպառնալիքների մասին հարցին՝ Զախարովան ասել է, որ ապաշրջափակման կոնկրետ հարցերի առարկայական քննարկումը տեղի է ունենում փոխվարչապետերի նախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, իսկ այն հայտարարությունները, որ արվում են դրանից դուրս, պետք է նպաստեն վստահության մթնոլորտի ձևավորմանը, տեղեկացնում է «Ա1+»-ը։

«Մենք ֆիքսում ենք խնդիրները և աշխատում ենք դրանց հետ։ Շատ կարևոր է համապատասխան մթնոլորտ ստեղծել, չկենտրոնանալ խնդրահարույց բաների վրա։ Մենք այդ ամենը տեսնում ենք, այդ ամենը գրանցում ենք, ամեն ինչ հասկանում ենք, աշխատում ենք դրա հետ, խոսում ենք կողմերի հետ առանձին-առանձին և միասին»,-ասել է Զախարովան։

Խոսելով բրյուսելյան հանդիպման մասին՝ Զախարովան ասել է, որ այն նախաձեռնությունները, որոնք հնչեցվել են Բրյուսելում, զարգացնում են ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների նոյեմբերի 26-ի Սոչիի պայմանավորվածությունները։ «Դրանց առարկայական քննարկումը շարունակվում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում»,-ասել է նա։

Ըստ նրա, այդ մեխանիզմի շրջանակում քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ամբողջ համալիրը, այդ թվում երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ քանի որ Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր, նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ «Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները»,-ասել էր նա։