Ղազախստանում տեղակայվող ՀԱՊԿ զինվորները մարտական գործողություններին չեն մասնակցելու։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը։
«Շատ հարցեր ենք ստանում ՀԱՊԿ վերաբերյալ։ Ուզում եմ նշել, որ Ղազախստան է մտցվել ՀԱՊԿ երկրների խաղաղապահ զորակազմը։ Առաքելությունը խաղաղապահ է։ ՀԱՊԿ զինվորները չեն մասնակցում մարտական գործողություններին, չեն զբաղվում գրոհայինների չեզոքացմամբ»,- ասել է Աբաևը պետական «Խաբար 24» հեռուստաալիքի եթերում, գրում է BBC-ն։
Նա հավելել է, որ պետք չէ շփոթել խաղաղապահ առաքելությունն արագ արձագանքման հավաքական ուժերի հետ։
«Քաղաքը մաքրելու գործողության մարտական մասն իրականացրել են «Արիստան», «Արլան», «Բերկուտ», «Պաշտպանության նախարարություն» ստորաբաժանումների ուժերը,-ասել է նա։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։