Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ հրաման է արձակել «թիրախային կրակ բացել ահաբեկիչների ուղղությամբ» առանց զգուշացման։
Ըստ նրա, վերջիններս շարունակում են զենք կիրառել քաղաքացիների դեմ և վնաս հասցնել հանրապետության գույքին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Տոկաևը նաև ասել է, որ Ալմաթիում «ահաբեկիչների գործողությունների հետևանքով հարյուրավոր մարդիկ են սպանվել և վիրավորվել», ինչպես քաղաքացիականներ, այնպես էլ զինվորականներ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն իր հերթին հայտարարել է, որ Ղազախստանում ծավալվող իրադարձությունները իրական սպառնալիք են երկրի անվտանգությանը, կայունությանն ու տարածքային ամբողջականությանը։
«Եղավ դիմում, անցկացվեցին անդամ պետությունների ղեկավարների շտապ խորհրդակցություններ և որոշում կայացվեց գործարկել ՀԱՊԿ խաղաղապահ ներուժը»,-ասել է նա ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում։
Ըստ Զասի, նպատակն է նվազագույնի հասցնել, լոկալիզացնել ռիսկերը։
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, մեկնաբանելով Ղազախստանում ծավալվող իրադարձությունները, ողջունել է «ղազախ ժողովրդի պայքարը հանուն ազատության»։
Սահակաշվիլին նաև գրել է, որ 2021-ի սեպտեմբերին, երբ իր մոտ ղազախստանցի ընդդիմադիրների մեծ խումբ էր ժամանել, արդեն նրանց հետ խոսակցությունից ինքը հասկացել էր, որ «քաղաքացիական հանրությունը պատրաստ է փոփոխությունների»։