Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներ է ունեցել։ Նրանք քննարկել են իրավիճակը Ղազախստանում, ընդգծվել դրսից այդ երկիր ավազակախմբերի ներթափանցումը կանխելու անհրաժեշտությունը։
«Անդրադառնալով Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաքելությանը՝ երկրների ղեկավարներն ընդգծել են, որ կարևորագույն խնդիրներից է դրսից Ղազախստան ապօրինի զինյալ խմբավորումների ներթափանցումը թույլ չտալը»,- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Բելառուսի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։






