AM
29 March 2009 - 13:13 AMT

Յան Պոուլսեն. Մենք գոլ խփելու ավելի շատ հնարավորություններ ունեինք, քան էստոնացիները

Հայաստանի հավաքականի մարզիչ, դանիացի մասնագետ Յան Պոուլսենը խաղից հետո կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ դժգոհ է հայ ֆուտբոլիստների խաղից եւ, չնայած, որ մենք գոլ խփելու ավելի շատ հնարավորություններ ունեինք, քան էստոնացիները, հայ ֆուտբոլիստները չկատարեցին նրա բոլոր ցուցումները:

«Մենք գոլ խփելու ավելի շատ հնարավորություններ ունեինք, քան էստոնացիները: Մենք անիմաստ գոլ բաց թողեցինք: Ես դժգոհ եմ խաղից, քանի որ մենք շատ սխալներ թույլ տվեցինք եւ չափազանց դանդաղ էինք խաղում: Հատկապես առաջին խաղակեսում մենք հեշտությամբ կորցնում էինք գնդակի վերահսկողությունը: Երկրորդ խաղակեսում մենք ավելի արագ սկսեցինք խաղալ եւ նպաստավոր պահեր ստեղծվեցին: Սակայն մեր ֆուտբոլիստները կրկին չարաշահեցին անհատական խաղը: Մեկին կամ երկուսին կարելի է խաբս տալ, սակայն հինգին` անհնար է: Խաղից առաջ որոշվել էր կարճ փոխանցումներով խաղալ, քանի որ մեր մրցակիցները բարձրահասակ էին եւ մեզ համար ձեռնատու չէր երկար փոխանցումներ անել: Ողջ թիմն առանց բացառության վատ էր խաղում: Ասեմ միայն, որ Վահագ Մինասյանն իրեն մի որոշ չափով դրսեւորեց: Երկրորդ խաղակեսում էստոնացիները իրական շանսեր չունեին: Հատկապես անտեղի էր երկրորդ բաց թողած գնդակը: Մենք լավ հարձակում կազմակերպեցինք եւ մոռացանք պաշտպանության մասին, արդյունքում եւս մեկ գոլ բաց թողնելով: Եթե ֆուտբոլիստները սովոր են առանց փոխանցումների խաղալ, ապա 5 օրվա ընթացքում խաղի ոճը փոխել չափազանց դժվար է»,-ասել է Պոուլսենը:

Ըստ Պոուլսենի, Էստոնիայում նրա թիմն ամեն ինչ կանի հաղթելու համար:

«Ես կարծում եմ, որ հավասար պայքար կընթանա: Էստոնիայում ցուրտ է լինելու, մոտ 10 աստիճան, կա եւս մեկ կորուստ` Արթուր Ոսկանյանը, որը հավանաբար չի կարողանա մասնակցել վնասվածքի պատճառով: Սակայն մենք կաշխատենք թույլ տված սխալների շտկման վրա եւ կփորձենք հաղթել էստոնացիներին»,-ասել է մարզիչը: