Ըստ բրիտանացի գիտնականների, գլխացավը կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ամենատարածված ախտանիշերից է։ Այդ մասին հայտարարել է Լոնդոնի Թագավորական քոլեջի դասախոս դոկտոր Քլեր Սթիվսը։ Նա այն գիտնականներից մեկն է, որոնք աշխատում են ZOE Covid Study հավելվածով՝ Covid-19-ի համաճարակաբանական հետազոտությունների նպատակով։
Հիվանդության այլ հաճախ հանդիպող դրսևորումներից է նաև կոկորդի ցավն ու հարբուխը։ Սթիվսը պարզաբանել է, որ ախտանիշները հաճախ հիշեցնում են սուր շնչառական հիվանդություն, քանի որ «օմիկրոն» շտամն ավելի վարակիչ է մյուս շտամերի համեմատ, գրում է «Վեդոմոստին»։
Ըստ գիտնականի, «օմիկրոնի» դեպքում հազվադեպ է գրանցվում բարձր ջերմություն և հոգնածություն, ինչպես նաև մարմնի ցավեր և գիշերային քրտնարտադրություն։
Դեկտեմբերին ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել էր, որ «օմիկրոնի» ախտանիշները նման են գրիպի՝ կոկորդի քերոց, ջերմություն, մկանային ցավեր և թունավորում։