AM
10 January 2022 - 07:12 AMT

Ղազախստանում մոտ 8000 մարդ է ձերբակալվել անկարգությունների մասնակցելու համար

Ղազախստանում անկարգությունների հետ կապված մոտ 8000 մարդ է ձերբակալվել։ Այդ մասին հայտնում է երկրի ՆԳՆ իրավիճակային կենտրոնը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ամբողջ երկրում ձերբակալվել է 7939 մարդ։ Իրավապահներն Ազգային գվարդիայի և հատուկ նշանակության զինծառայողների հետ համատեղ Ալմաթիի երկու շուկայում 207 մարդ են ձերբակալել։ Առգրավվել է առևանգված 5 մեքենա, գողացված նյութական արժեքներ, 2 միավոր հրազեն և 4 միավոր սառը զենք»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Հունվարի 10-ը Ղազախստանում համազգային սգո օր է հայտարարված։

Ղազախստանում Եվրամիության ներկայացուցչությունը պատրաստակամություն է հայտնել օգնելու երկրին անկարգություններից հետո ճգնաժամի կարգավորման հարցում։

ԵՄ առաքելությունը կոչ է արել տեղի իշխանություններին կատարել «իրենց պարտականություններն այս բարդ ժամանակաշրջանում, այդ թվում` հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները՝ մասնավորապես, հավաքների, կարծիք հայտնելու և ԶԼՄ-ների ազատությունները»։

BBC-ի թղթակիցն Ալմաթիից հայտնել է, որ իրավիճակը քաղաքում դեռևս չի կարելի նորմալ համարել՝ խնդիրներ կան ինտերնետի հետ, հունվարի 9-ին չեն աշխատել բանկերն ու բանկոմատները, տեղաբնակները ստիպված ժամերով հերթ են կանգնել 10-15 լ բենզին լցնելու համար»։

Նշվում է նաև, որ պարբերաբար Ալմաթիում առանձին կրակոցներ են լսվել՝ հավանաբար, այդպես զինվորականները զգուշացրել են մարդկանց, որ չհավաքվեն կամ չմոտենան զինվորականներին, փողոցներում մարդկանց քանակն ավելացել է, որոշ խանութներ և սրճարաններ են բացվել։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։