AM
10 January 2022 - 13:40 AMT

Լուկաշենկո․ Չի կարելի թույլ տալ, որ ՀԱՊԿ խաղաղապահներին որպես օկուպանտ ներկայացնեն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե չի կարելի թույլ տալ, որ Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահներին որպես օկուպանտ ներկայացնեն։ Այդ մասին նա ասել է հունվարի 10-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստում։

Նա նշել է, որ նման փորձեր արդեն իսկ կան, սակայն, խաղաղապահները Ղազախստան են մեկնել այդ երկրի ղեկավարության խնդրանքով։

«Մեզ հրավիրել է մեր եղբայրը, մեր ընկերը, որը պատասխանատու է այդ հսկայական երկրի համար»,-ասել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն նաև նշել է, որ խաղաղապահների մուտքը Ղազախստան խախտել է անկարգությունների կազմակերպիչների պլանները։ Նա հավելել է, որ Կենտրոնական Ասիայում իրավիճակն ապակայունացնել ցանկացողները շատ են, և զգուշացրել, որ տեղի ունեցածից դասեր չքաղելու պարագայում իրավիճակը կարող է ապակայունանալ Ուզբեկստանում։

Նա նաև ասել է, եր մարտահրավերները լուրջ են և անհրաժեշտ է ամրապնդել ՀԱՊԿ կառույցները։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։