AM
19 Հունվար 2022 - 11:07 AMT

Բաբայան․ Բաքուն փորձում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Արցախ այցի տարբեր խոչընդոտներ ստեղծել

ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախ այցի համար տարբեր խոչընդոտներ ստեղծել։

Նա արձանագրել է, որ արդեն բավական երկար ժամանակ համանախագահները չեն այցելում Արցախ, վերջին անգամ նրանք Ստեփանակերտում են եղել 2019-ի վերջին։

Բաբայանը նշել է, որ այնուհետև եղավ կորոնավիրուսի համաճարակը, որին հաջորդեց 44-օրյա պատերազմն իր հետևանքներով, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Բայց դրանք զուտ տեխնիկական խոչընդոտներ են։ Գլխավոր խոչընդոտն Ադրբեջանն է, որը փորձում է թույլ չտալ կամ բարդացնել նրանց այցը տարածաշրջան։ Իհարկե, մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ։ Երևանում, ինչպես գիտեք, կայացավ հանդիպում Արցախի նախագահի և ՌԴ նորանշանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի (Իգոր Խովաևի-խմբ.) հետ, որին ես նույնպես ներկա էի: Մենք բարձր ենք գնահատում այդ հանդիպումը», – ասել է Բաբայանը։

Նա ընդգծել է, որ վաղ թե ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը պետք է կայանա, և Ստեփանակերտում հույս ունեն, որ այն սարերի հետևում չէ, առավել ևս, որ համանախագահները շահագրգռված են և խոսում են այդ մասին:

Բաբայանի խոսքով ՝ ԱԳՆ-ում ծանոթ են համանախագահների հասցեին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին: Իլհամ Ալիևի տրամաբանությամբ ՝ այդ ձևաչափը պետք է փակվի, սակայն դժվար թե համանախագահ երկրները ենթարկվեն այդ շանտաժին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս անելիք չունի, քանի որ ԼՀ հարցը «փակված է»։ «Ես տեղեկություն չունեմ, թե ինչով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Կարծում եմ, որ նրանք հիմա պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին։ Ինչպես հայտնի է, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին և այս տարի լրանում է 30 տարին», – ասել էր Ալիևը։