Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, խոսելով պատերազմի հավանականության մասին, ասել է, որ Արցախի վրա հարձակումը կնշանակի հարձակում ռուս խաղաղապահների և Ռուսաստանի վրա։
«Իհարկե նոր պատերազմ կարող է սկսվել, ոչ ոք չի կարող երաշխավորել ցանկացած պատերազմի սկսման բացառումը, բայց այդ համատեքստում հավանականությունը շատ փոքր է։ Խաղաղությունն ու կայունությունը Արցախում պահպանվում են ռուս խաղաղապահների կողմից և ԱՀ-ի վրա հարձակումը ինքնաբերաբար կնշանակի հարձակում ռուս խաղաղապահների և Ռուսաստանի վրա։ Դա այլ տեսակի պատերազմ կլինի: Դա չի լինի պատերազմ Ադրբեջանի և Արցախի ու Հայաստանի միջև»,-շեշտել է ԱՀ արտաքին գործերի նախարարը, գրում է Panorama.am-ը։
Բաբայանը նաև կարծիք է հայտնել, որ դա լավ է հասկանում նաև Ադրբեջանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի վրա լայնածավալ հարձակումը կնշանակի հարձակում ՀԱՊԿ-ի վրա, ինչը չի կարող աննկատ մնալ։
Բաբայանը որպես փաստարկ բերել է Ղազախստանի վերջին իրադարձություններին ՀԱՊԿ-ի արձագանքը և նկատել, որ Հայաստանի վրա հարձակման դեպքում արձագանք կլինի առնվազն ՌԴ կողմից՝ եթե ագրեսիային միանա նաև Թուրքիան:
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը՝ Բաբայանն ասել է, որ արդեն բավական երկար ժամանակ համանախագահները չեն այցելում Արցախ, վերջին անգամ նրանք Ստեփանակերտում են եղել 2019-ի վերջին։ Նա հավելել է, որ Ադրբեջանը փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախ այցի համար տարբեր խոչընդոտներ ստեղծել։






