Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ ներկայացուցիչի հետ հանդիպումը, ասել է, որ Անկարայի նպատակը Երևանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումն է։
Նա նշել է, որ հատուկ ներկայացուցիչեր Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը քննարկել են բանակցությունների նպատակներն ու խնդիրները։
«Մեր նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումն է։ Մենք դա բացատրել ենք։ Կարծում եմ, Հայաստանը ևս պետք է գոհ լինի»,- ասել է նա թուրքական NTV հեռուստաալիքին։
Նա նշել է, որ երկու երկրի միջև ավիահաղորդակցության վերականգնումից և հատուկ ներկայացուցիչներ նշանակելուց բացի, վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ քայլեր կձեռնարկվեն։
Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։
«Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։






