AM
31 Հունվար 2022 - 14:48 AMT

Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով կստեղծվի

Ելնելով իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով կստեղծվի։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր` ԱՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին:

Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի գլխավորությամբ:

Համաձայն հրամանագրի՝ հանձնաժողովին հանձնարարվել է եռամսյա ժամկետում նախագահին ներկայացնել Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: