2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի հատուկ ծառայությունները իրենց ամբողջ ներուժն ուղղել են համացանցային հնարավորությունների կիրառմամբ կիբերհարձակումների ու արցախցիներին սոցիալական ցանցերում տարբեր դավադիր գործընթացների մեջ ներգրավելուն ուղղված գործողությունների կազմակերպմանն ու իրագործմանը: Այդ մասին հայտնել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ հորդորելով զերծ մնալ Արցախի անվտանգությանն առնչվող տեղեկություններ փոխանցելուց:
Նշվում է, որ ամենատարբեր միջոցներով շահագրգռելու և տարբեր պատճառաբանություններով համոզելու եղանակով սոցիալական ցանցերի արցախցի օգտատերերից ձեռք են բերվել Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակի, «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի և այլ վայրերի լուսանկարներ կամ նույն վայրերում կատարված տեսանկարահանման արդյունքներ և ադրբեջաներեն խոսակցության ուղեկցմամբ հրապարակվել: Արցախի ԱԱԾ կողմից այդօրինակ դեպքերը բացահայտելուց և դրանց ծագման աղբյուրները մերկացնելուց հետո ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին վերափոխել են գործողությունների բնույթը:
«Այս անգամ որպես թիրախ սկսել են ընտրվել ոչ միայն քաղաքացիական անձինք, այլև զինծառայողները, որոնց հետ Ֆեյսբուք, Վկոնտակտե, Տելեգրամ և սոցիալական այլ ցանցերում բացված կեղծ ու գայթակղիչ էջերով տևական ժամանակ շփվելուց և կապ ձևավորելուց հետո ձեռք են բերվել անձնական տվյալներ՝ անձնագրի, զինվորական գրքույկի լուսանկարներ, վարել ինտիմ բնույթի ու անպարկեշտ արտահայտություններ պարունակող գրագրություն, ստացել մարմնի տարբեր մասերի լուսանկարներ, որից հետո դրանք հրապարակելու սպառնալիքի գործադրմամբ մեր քաղաքացուն դարձրել սեփական պահանջները բավարարելու գործիք:
Անձնական տվյալների և պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող տեղեկությունների հրապարակման վտանգի ռիսկով շղթայված անձանցից հետագայում փորձ է արվել ստանալ Արցախի տարբեր վայրերի լուսանկարներ, զորամասերի տեղակայման վայրերի, սպառազինության մեջ մտնող զենքի ու զինամթերքի տեսակի և քանակի վերաբերյալ տեղեկություններ։
․․․Շարունակում են գտնվել անձինք, ովքեր դառնում են նման գործողությունների զոհ և միաժամանակ Արցախի ներքին անվտանգությանն ուղղված սպառնալիքների իրագործման գործիք»,-ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ դեպքերից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է է սոցիալական ցանցերում զերծ մնալ կասկածելի օգտատերերի հետ շփումներից, անձնական բնույթի տեղեկություններ, լուսանկարներ կամ տեսանյութեր, Արցախի Հանրապետության անվտանգությանն առնչվող տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես իրազեկել մեզ:






