AM
7 Փետրվար 2022 - 07:13 AMT

ՍԾՏՀ նախկին քարտուղար․ Հայկական ներկայության ոչնչացման նպատակով Բաքվում աշխ. խմբի ստեղծումը մշակութային ֆաշիզմ է

Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, ՍԾՏՀ նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը, անդրադառնալով Արցախում հայկական մշակութային ժառանգության դեմ սպառնալիքներին, հայտարարել է, որ Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

«Քրիստոնեական տաճարների Կովկասի ալբանացիներին պատկանելու պատրվակով այդ խումբը պետք է որոշի, որ տաճարներից պետք է վերացվի հայկական ներկայությունը:

Կովկասի Ալբանական եկեղեցին եղել է ինքնավար եկեղեցի: Այն ստեղծվել է կարճ ժամանակով հինգերորդ դարում և 705 թ-ին ենթարկվել հայկական առաքելական եկեղեցուն: Ալբանական այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ստեղծել է հայկական այբուբենը 405 թվականին և միառժամանակ հետո ստեղծել ալբանականը: Հետևաբար անհնարին է, որ Հայկական եկեղեցին իր իսկ օգտին համար օգտագործեր ալբանական տաճարները:

Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի»,-ասվում է Խրիզանթոպուլոսի հայտարարության մեջ։

Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու մտադրության մասին։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Կարիմովը փետրվարի 3-ին հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա թողած ֆիկտիվ հետքերի վերացմամբ»: Որպես հիմնավորում ադրբեջանցիները պնդում են, թե իրականում այդ եկեղեցիները ոչ թե հայկական են, «այլ Կովկասյան Աղվանքի ժառանգությունն են»։

Դեռևս 2021թ․ մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այցելել էր Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր, թե պետք է ջնջել բոլոր հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով»։