Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անդրադառնալով ադրբեջանական գերությունից 8 հայ գերու վերադարձին, շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին և զինվորներին։
«Ութ հայ գերի է ազատ արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխվել Երևան։ Նրանք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ, որոնցից բաժանված էին մի քանի ամիս։ Շնորհակալություն մեր դիվանագետներին, ինչպես նաև այս գործողությանը մասնակցած մեր զինվորներին։ Առաջ ենք գնում»,- գրել է Մակրոնը Twitter-ի իր էջում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ՀՀ-ին է վերադարձրել ևս 8 հայ ռազմագերու: Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ նշելով, որ գերիները հայրենադարձվել են փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից են՝ Թարզյան Սարգիսը, Գալոյան Գուրգենը, Կյուրեղյան Գրիգորը, Մալոյան Վաղարշակը։
Վերդարձաշների թվում են նաև Բալայան Վարդգեսը, Պետրոսյան Արմենը, Բաբայան Արթուրը, Սարգսյան Հմայակը։
2021–ի դեկտեմբերի դրությամբ Ադրբեջանը հաստատել է մոտ 50 հայ գերու մասին տեղեկատվությունը։ Եվս 80 անձի մասին ոչ պաշտոնական տեղեկություն կա: Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն էր արել իրավապաշտպան, ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։