Կարսի նահանգի ղեկավարությունից կազմված պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշի հետ, որի ժամանակ քննարկում է եղել Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման հետ կապված աշխատանքների վերաբերյալ, գրում է Ermenihaber-ը KarsGazete լրատվական կայքին հղումով։
Կարսի պատվիրակության կազմում ընդգրկված են եղել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Կարսի պատգամավոր Ահմեթ Արսլանը, Կարսի նահանգապետ և քաղաքապետի պաշտոնակատար Թյուրքեր Օքսյուզը և մեջլիսի Գյուղատնտեսության ու անտառների հանձնաժողովի նախագահ Յունուս Քըլըչը:
Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։