AM
9 February 2022 - 11:12 AMT

Զաս․ Հայ-ադրբեջանական սահմանին կան լարվածության օջախներ՝ այդպես չպետք է լինի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Վալդայ» ակումբում ելույթում, զգուշավոր լավատեսություն հայտնելով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարների վերաբերյալ, նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին կան լարվածության օջախներ և այդպես չպետք է լինի։

Նա նշել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ու Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակը կայունացել է, արյունահեղությունը դադարել է։

«Լարվածության օջախներ կան, դրանք կան հայ-ադրբեջանական սահմանին։ Ես եղել եմ այնտեղ, սեփական աչքերով եմ տեսել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում։ Բայց, ըստ էության, այնտեղ սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Պարբերաբար կրակոցներ են լինում։ Այդպես չպետք է լինի»,-հայտարարել է նա։

Նա նշել է, որ այժմ կողմերի առջև դրված է սահմանազատման և սահմանագծման լուրջ խնդիր, դա մեծ և բարդ ծավալի աշխատանք է, բայց, այնուամենայնիվ, դա թույլ կտա էապես ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը:

«Զգուշավոր լավատեսություն կա, որ ավարտվում է պատերազմի մի ամբողջ դարաշրջան և այլ դարաշրջան է սկսվում։ Ես կարող եմ սխալվել այդ լավատեսության առումով, բայց ամեն դեպքում պետք է ողջունել այն քայլերը, որոնք ներկայումս արվում են խաղաղություն հաստատելու համար»,-ընդգծել է նա։