AM
10 Փետրվար 2022 - 10:09 AMT

Մածունի թեման՝ Վրաստանի հեռուստաեթերում․ «Ղարաբաղն Ադրբեջան է», «Տոլման ադրբեջանական է»

Վրաստանի իշխանական TV Imedi հեռուստաընկերության եթերում՝ փետրվարի 9-ի երեկոյան լուրերի թողարկման ժամանակ անդրադարձ է եղել մածունի արտահանման սահմանափակման թեմային: Թողարկման ժամանակ հետևի ֆոնին ցուցադրված կադրերում շշի վրա վրացերենով գրված է «մացուն», դրա վերևի հատվածում հայատառ՝ «Ղարաբաղն Ադրբեջան է», իսկ ներքևի մասում՝ «Տոլման նույնպես ադրբեջանական է», գրում է Aliq.ge-ն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքացիական ակտիվիստ Գիորգի Թումասյանը, որից հետո վրաստանյան ԶԼՄ-ներն ակտիվ անդրադարձել են հարցին: Հարցի շուրջ ակտիվ քննարկում է ծավալվել սոցիալական ցանցերում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայկական արտադրության մածունը` «մածուն» գրությամբ, չի կարող արտահանվել Վրաստան կամ այդ տարածքով Ռուսաստան, քանի որ Վրաստանը «մացոնին» ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես օրինակ Ֆրանսիայում կոնյակն ու գինին են, իսկ հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը Sputnik Արմենիային ասել է, որ վրացական կողմը սկսել է խնդիրներ ստեղծել կաթնամթերքի հայ արտադրողների համար։