AM
11 Փետրվար 2022 - 08:41 AMT

Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այց է կատարել Բելգիա, հանդիպել եվրոպական կառույցների ներկայացուցիչներին

Փետրվարի 7-10-ն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Սա նր առաջին այցն էր Բրյուսել 4օրյա պատերազմից հետո։

Այցի շրջանակում նախարարը հանդիպել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամական խմբի անդամների հետ, որոնք ներկայացնում են Եվրախորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը: Կայացել են նաև հանդիպումներ եվրոպական կառույցների ներկայացուցիչների, Բելգիայի քաղաքական, հասարակական շրջանակների, ինչպես նաև հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախի զարգացման գործընթացին, Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության տարբեր դրսևորումներին առնչվող հարցեր։

Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ամբողջ քաղաքակիթ աշխարհին նետված մարտահրավեր էր, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով, այդ թվում նաև Եվրոպայի և այլ երկրների համար։ Նախարարը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության դերակատարությունը տարածաշրջանում՝ որպես խաղաղության և կայունության պահպանման առանցքային բաղադրիչ:

Դավիթ Բաբայանը կարևորել է համահայկական կառույցների դերակատարությունը Սփյուռքի հետ կապերի ամրապնդման և խորացման գործընթացում՝ երախտագիտություն հայտնելով Հայ Դատին և նրա ստորաբաժանումներին՝ տարիներ շարունակ իրականացրած հետևողական աշխատանքի համար։

Արտգործնախարարը հանդիպել է նաև տարբեր բուհերի ուսանողների հետ և հանդես եկել դասախոսությամբ։ Արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախի պատմությունը, պետականաշինության գործընթացը, արտաքին քաղաքականության հեռանկարներն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տարեգրությունը, ներկա իրողությունները և հնարավոր զարգացումները։

Դավիթ Բաբայանն Արցախի Հանրապետության իշխանությունների անունից ծաղկեպսակ է դրել Բրուսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին։