ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հորդորել է ամերիկացիներին անհապաղ լքել Ուկրաինան։ Նա նշել է, որ ԱՄՆ զորքերը ոչ մի դեպքում չեն հայտնվի ուկրաինական տարածքում ԱՄՆ քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան»,-ասել է նա հարցազրույցում, որից մի հատված փետրվարի 10-ին հրապարակել է NBC-ն։
Հաղորդավարի այն հարցին, թե որ սցենարի դեպքում ամերիկյան զորքերը կարող են հայտնվել Ուկրաինայի տարածքում ամերիկացիներին տարհանելու նպատակով, Բայդենը պատասխանել է, որ «այդպիսի սցենար չկա»։ Նա նաև հավելել է, որ «եթե ամերիկացիներն ու ռուսները սկսեն կրակել իրար վրա, դա համաշխարհային պատերազմ կլինի», գրում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարությունը խորհուրդ էր տվել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան «ռուսների կողմից ռազմական գործողություններ սկսելու աճող սպառնալիքի», ինչպես նաև կորոնավիրուսի պատճառով։ ԱՄՆ այն քաղաքացիներին, որոնք, այնուամենայնիվ, կորոշեն մնալ Ուկրաինայում, ԱՄՆ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս «ծայրահեղ զգուշավորություն դրսևորել հանցավորության, հանրային անկարգությունների և պոտենցիալ մարտական գործողությունների պատճառով», եթե իրավիճակը սրվի։
2021-ի աշնանից ռուսական զորքերի կուտակումներ են արձանագրվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչի պատճառով Արևմուտքը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան դա հերքում է։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ, եթե դա տեղի ունենա։