AM
31 March 2009 - 15:15 AMT

Սամբոյի Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականները կմասնակցեն Լիտվայում կայացած Եվրոպայի առաջնությանը

Սամբոյի Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականները կմասնակցեն Սամբոյի Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի ապրիլի 8-12-ը Լիտվայի Շյաուլյայ քաղաքում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը, սամբիստների պատվիրակությունն իր ղեկավարության ներքո կմեկնի Շյաուլյայ 20 մարդուց բաղկացած կազմով, այդ թվում 8 պատանի, 7 երիտասարդ սամբիստ, գլխավոր մարզիչը, նրա օգնականն ու երկու մրցավար:

«Շյաուլյայ մենք կմեկնենք ապրիլի 7-ին: Այս անգամ մենք չենք հասցրել ապահովել կանանց մասնակցությունը մրցումներն: Նախապես ծրագրել էինք, որ կմեկնի Հայաստանի չեմպիոն Սոսե Բալասանյանը, սակայն որոշ հանգամանքներից ելնելով չկարողացանք ապահովել նրա մասնակցությունը: Մնացել են միայն պատանիներն ու երիտասարդները,- նշել է Հայրապետյանը, – կասեմ միայն, որ մենք միշտ միջազգային մրցաշարերից մեդալներով ենք վերադարձել: Այս անգամ եւս ամեն ինչ կանենք արժանի կերպով ելույթ ունենալու համար», – ավելացրել է նա:

Նշենք, որ հայ սամբիստներից չորսը տվյալ պահին պարտադիր զինվորական ծառայության մեջ են, սակայն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Բոլոր չորս զինծառայող սամբիստները` Արամայիս Մարգարյանը, Արտավազդ Մինասյանը, Արմեն Սաքանյանը եւ Կարեն Ջանոյանը Եվրոպայի եւ աշխարհի բրոնզե մեդալակիրներ են:

Սամբոյի պատանեկան հավաքականի կազմն է.
Տիգրան Կիրակոսյան – քաշային կարգը 48 կգ
Արսեն Առաքելյան, -52 կգ
Վոլոդյա Խանդիլյան, -56 կգ
Սերյոժա Ալեքսանյան, – 62 կգ
Սարգիս Սարգսյան, -70 կգ
Հակոբ Մարգարյան, -70 կգ
Մհեր Կարապետյան, -75 կգ
Գոռ Մարգարյան – 87 կգ

Սամբոյի երիտասարդական հավաքականի կազմն է.

Սամսոն Միլիթոնյան – 48 կգ
Արամայիս Մարգարյան -52 կգ (Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր),
Մարտին Միրզոյան – 57 կգ,
Հովհաննես Դերմիշյան – 62 կգ,
Արտավազդ Մինասյան -687 կգ (Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր),
Արմեն Սաքանյան – 74 կգ (Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր),
Կարեն Ջանոյան -82 կգ (Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր):

Գլխավոր մարզիչ` Վովիկ Խոջայան: