Վրաստանում պահպանության են վերցրել «Գանձակի դարպասները» Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի այն հայտարարությունից հետո, որ Ադրբեջանը մտադիր է վերադարձնել այդ արտեֆակտը, գրում է Haqqin.az-ը։
1139 թվականին վրաց թագավոր Դեմետրե Ա-ն (1125-1156) գրավել է Գանձակը և որպես ռազմավար տարել քաղաքի դարպասները, որոնց փեղկերից մեկը մինչ օրս պահվում է վրացական Գելաթի վանքում։ Քերիմովն ավելի վաղ հայտարարել էր, թե հարցը «եղել 2021թ․ իր Վրաստան կատարած այցի օրակարգում և քննարկվել է համապատասխան պետական կառույցների հետ»։ Նա նաև ասել է, որ բանակցություններ ծանր են ընթանում։
Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Գանձակի դարպասների» հարց Վրաստանի և Ադրբեջանի օրակարգում չկա։
Kutaisi Post-ը հայտնել է, որ արդեն 4 օր է դարպասները պահպանվում են, Գելաթիի բակում պահպանության ծառայության խցիկ է տեղադրվել։ Վրաստանի մշակույթի նախարարությունում ասել են, թե վանական համալիրը, ինչպես մյուս թանգարաններից շատերը, պատշաճ պահպանություն չուներ, ինչն էլ աստիճանաբար շտկվում է։
Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու մտադրության մասին։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը փետրվարի 3-ին հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա թողած ֆիկտիվ հետքերի վերացմամբ»: