AM
15 February 2022 - 07:37 AMT

ԱՄՆ-ն Ուկրաինայում իր դեսպանությունը տեղափոխել է Լվով

ԱՄՆ-ն Ուկրաինայում իր դեսպանությունը ժամանակավոր Կիևից տեղափոխել է Լվով։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

«Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի զգալի կուտակումների պատճառով մենք ժամանակավոր Ուկրաինայում մեր դեսպանությունը տեղափոխում ենք Կիևից Լվով»,-ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, դիվանագիտական առաքելությունը «կշարունակի շփումներն Ուկրաինայի կառավարության հետ» և կաջակցի իրավիճակի ապասրացման համար դիվանագիտական ջանքերի համակարգմանը»։ Ավելի վաղ Վաշինգտոնն արտոնել էր իր դիվանագետների մի մասի մեկնումն Ուկրաինայից և կոչ արել ԱՄՆ քաղաքացիներին լքել երկիրը։

ԱՄՆ-ն նաև հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսն ու Մերձդնեստրը, ինչպես նաև ձեռնպահ մնալ Մոլդովա այցելելուց՝ «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սպառնալիքի պատճառով», տեղեկացնում է Deutsche Welle-ն։

«Բելառուսում գտնվող ամերիկացիները պետք է անհապաղ լքեն երկիրը կոմերցիոն կամ մասնավոր տրանսպորտով»,-ասվում է Պետդեպի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դոնեցկում գտնվող ԵԱՀԿ առաքելության աշխատակիցները սկսել են հեռանալ քաղաքից՝ «Ուկրաինայի վրա ռուսական հարձակման սպառնալիքի ֆոնին»։ 16 երկիր հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան՝ ռազմական գործողությունների սպառնալիքի պատճառով։ Այդ երկրներն են՝ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իսրայելը, Կանադան, Լատվիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ֆինլանդիան, Չերնոգորիան, Էստոնիան, Ճապոնիան, Հարավային Կորեան։

2021-ի աշնանից ռուսական զորքերի կուտակումներ են արձանագրվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչի պատճառով Արևմուտքը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան դա հերքում է։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ, եթե դա տեղի ունենա։