Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի սփյուռքի հարցերով ԱԳ փոխնախարար Անդրեաս Կացանիոտիսի հետ հանդիպմանը քննարկել է արտասահմանում երկու համայնքային կառույցների համագործակցության թեմաներ։
Մկրտչյանն ընդգծել է, որ հունական և հայկական համայնքային կառույցների միջև փոխվստահելի և ամուր ձևավորված համագործակցություն կա, ինչը հաճախ թույլ է տալիս բազմաթիվ հարցերի շուրջ միասնական հանդես գալ, տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Հունաստանի ԱԳ փոխնախարարը մեծապես կարևորել է իր երկրում գործող հունահայ կառույցների դերը հայ-հունական հարաբերություններում։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հունահայ համայնքային կառույցների հետ ձեռնարկվելիք մի շարք ծրագրեր։ Երկուստեք կարևորվել է մի շարք նախաձեռնությունների համատեղ իրականացման գաղափարը։
Անդրադարձ է կատարվել համապատասխան ոլորտը կարգավորող գերատեսչությունների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների վերսկսմանը։






