AM
15 Փետրվար 2022 - 09:33 AMT

Բաբայան․ Արցախի տարածքների բռնազավթման մասին օրենքը կարևոր փաստաթուղթ կլինի

Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթման մասին օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել ԱՀ Ազգային ժողովում, կարևոր փաստաթուղթ է լինելու և շատ կարևոր քայլ է երկրի հիմնահարցի հանգուցալուծման և միջազգային կարգավիճակի որոշման ուղղությամբ մոտեցումները հստակեցնելու առումով: Այդ մասին հայտարարել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, գրում է «Արմենպրեսը»։

Նա շեշտել է օրինագծի կարևորությունը քաղաքական, պատմական և բարոյական տեսանկյուններից:

«Սա, իհարկե, շատ կարևոր մի փաստաթուղթ է լինելու: Եվ դա մեր տեսլականն է, դա կարևոր է և քաղաքական, և պատմական, և բարոյական տեսանկյուններից: Ընդհանրապես կարևոր քայլ է, և այդ գործընթացը ինքնին շատ կարևոր է: Հետևաբար, Արցախի Ազգային ժողովում այդ քննարկումները կլինեն, և մենք պատրաստվում ենք, որ ակտիվ քննարկումներ են լինելու: Բնական է՝ այդ օրենքը համապարփակ է լինելու՝ ներառելով տարբեր ասպեկտներ», – մեկնաբանել է Դավիթ Բաբայանը:

Ըստ Արցախի արտգործնախարարի՝ մեծ է հավանականությունը, որ օրինագիծը կընդունվի, և նույնը կանխատեսում են նաև Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն ու քաղաքական ուժերը:

Արցախի Հանրապետության «Բռնազավթված տարածքների մասին» 2022 թ. փետրվարի 4-ին հրապարակված օրինագիծը շրջանառության մեջ է դրվել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի և խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ: Առաջին ընթերցմամբ քննարկումը խորհրդարանում նախատեսված է փետրվարի 16-ին: