«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ օկուպացված Շուշիում 2021թ. հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված և երկու պետության խորհրդարաններում վավերացված «Շուշիի հռչակագիրն» ակնհայտ սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար, որով պաշտոնապես ամրագրվում և վերահաստատվում է Հայաստանի և հայերի դեմ թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող հետևողական գործողությունները:
Նշվում է, որ հռչակագրում ամրագրվում է Արցախի հարցի «լուծված» լինելու հանգամանքը՝ ի հեճուկս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունների:
«Մեկ ազգ, երկու պետություն», թյուրքալեզու երկրների դաշինք ստեղծելու օրակարգը ամրագրվում է որպես Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակ, ավելին՝ «Զանգեզուրի միջանցքը» համարվում է առաջնահերթ այդ նպատակին հասնելու տեսանկյունից՝ դիտվելով տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներից դուրս։
Վերջերս Ադրբեջանի Մշակույթի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը, որը նպատակ ունի պետական մակարդակով հերթական անգամ վերացնել և խեղաթյուրել հայկական մշակութային ժառանգությունը, ևս մեկ անգամ փաստում է, որ գործ ունենք հակառակորդ երկրների կողմից հետևողական քայլերի հետ, որոնց հեռահար նպատակը տարածաշրջանը բացառապես թուրքական ազդեցության գոտու վերածելն է։
Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունը շարունակում է առաջ մղել նշված մարտահրավերներին անհամարժեք՝ «խաղաղության դարաշրջան» բացելու օրակարգը՝ այն համարելով բացառապես ճանապարհների ապաշրջափակման գործընթաց։ Այնինչ, անհրաժեշտ է խաղաղության հիմքում դնել ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, պետական մակարդակով հայատյացության և թշնամանքի քարոզի բացառումը և առանց նախապայմանների բանակցային կառուցողական մթնոլորտում խնդիրների լուծմանը հասնելու գործելաոճը»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ արտաքին քաղաքականության հիմքում պետք է շարունակի գերիշխել Արցախի կարգավիճակի օրակարգը՝ որպես անվտանգության և երկարաժամկետ կայունության իրական երաշխիք։ Դրան զուգահեռ անհրաժեշտ է հստակ ռազմավարության և բարեփոխումների քաղաքականության մշակումն ու իրագործումը բանակաշինության ոլորտում:
Նշվում է նաև, որ վերջերս ԵՄ–ի կողմից ավտորիտար ռեժիմով ղեկավարվող Ադրբեջանին հատկացվելիք 2 միլիարդ եվրոյի օգնության մասին տեղեկատվությունը բազմաթիվ խնդիրներ և հարցեր է առաջացնում տարածաշրջանում ԵՄ-ի կողմից՝ ժողովրդավարական արժեքների հանդեպ ունեցած հանձնառության և դրանց խրախուսման վերաբերյալ:
«Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստվում է իր հիմնավոր մտահոգությունները ներկայացնել նաև ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին և միջազգային ներկայացուցչություններին, ինչպես նաև առաջարկել ձեռնարկել մշակութային վանդալիզմի դեմ կոնկրետ գործողություններ։






