AM
15 February 2022 - 15:09 AMT

ՌԴ Պետդուման Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու խնդրանքով դիմել է Պուտինին

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները կողմ են քվեարկել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ ՌԴ նախագահին դիմելու որոշման նախագծին։

ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման անհրաժեշտության մասին դիմումով ՌԴ նախագահին դիմելու հարցը քննարկվել է ռեյտինգային քվեարկությամբ, որի դեպքում ընտրվում է այն տարբերակը, որն առավելագույն քանակի ձայն է ստանում։ Ներկայացված էր երկու նախագիծ։ Մյուսը ընդունվելու դեպքում, ուղարկվելու էր ԱԳՆ և այլ կառույցներ՝ ուսումնասիրության և կարծիքների համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

Առաջին նախագիծը ներկայացրել էր ՌԴ Կոմկուսը, իսկ երկրորդը՝ «Եդինայա Ռոսիան»։

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության հեղինակած փաստաթղթին կողմ է քվեարկել 351 պատգամավոր, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 1-ը։ Երկրորդ նախագծի օգտին քվեարկել է 310 պատգամավոր, ուստի ընտրվել է առաջին տարբերակը։

Ինչպես ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, փաստաթուղթը Պուտինին կուղարկվի անհապաղ։

«Պատգամավորները կարծում են, որ ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչումը հիմքեր կստեղծի անվտանգության երաշխիքների ապահովման և արտաքին սպառնալիքներից հանրապետությունների բնակիչների պաշտպանության համար, ինչպես նաև միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդման համար»,-ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավորները խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն էին ներկայացրել երկու չճանաչված հանրապետությունները ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ նախագահին դիմելու որոշման նախագիծը։