AM
16 Փետրվար 2022 - 09:58 AMT

Արցախի ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրինագիծը

Արցախի խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է ԱՀ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը:

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ օրենքի ընդունումը հրամայական է, ըստ նրա, ինչ-որ առումով նաև ուշացած է նախագծի քննարկումը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Ի վերջո, մեր երկրի մեծ մասը բռնագրավված է, մենք պարտավոր ենք ունենալ նման օրենք: Այն իր մեջ ներառում է Արցախի իշխանության և ժողովրդի տեսլականը՝ իր անցյալի, ներկայի և ապագայի նկատմամբ: Կարևոր է նաև, որ մենք ճիշտ տերմինաբանություն օգտագործենք և այդ տարածքների մասին խոսելիս միշտ ընդգծենք, որ դրանք բռնագրավված են: Սա, իսկապես, պատմական մի քայլ է լինելու, ոչ այնքան այսօրվա, որքան՝ ապագայի համար»,- ասել է Բաբայանը:

Նախագծով սահմանվում է 1991-1994թթ-ին, 2016թ-ին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակը ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված առանձնահատկությունները։

Արցախի Հանրապետության «Բռնազավթված տարածքների մասին» 2022 թ. փետրվարի 4-ին հրապարակված օրինագիծը շրջանառության մեջ էր դրվել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի և խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ: