ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի գիտություն է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման մասին Պետդումայի դիմումը, սակայն նման ճանաչումը համահունչ չէ Մինսկի համաձայնություններին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Որևէ հստակ ընթացակարգ այս առումով գոյություն չունի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հետագա քայլերի մասին հարցին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահը ստացել է դիմումը, արձագանքել է դրան, ընդունել է ի գիտություն»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ «ԴԺՀ և ԼԺՀ ճանաչումը համահունչ չէ Մինսկի համաձայնություններին, և դա իրոք այդպես է»:
Փետրվարի 15-ին ՌԴ Պետդուման հավանություն էր տվել Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը ճանաչելու խնդրանքով։