AM
16 Փետրվար 2022 - 11:49 AMT

Մակեյ․ ՀՀ մասին Լուկաշենկոյի արտահայտություններից հետո դիվանագիտական սկանդալի մասին խոսք չկա

Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, անդրադառնալով Միութենական պետությանը Հայաստանի միանալու հնարավորության մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արտահայտություններին, ասել է, որ Մինսկի և Երևանի միջև որևէ դիվանագիտական սկանդալի մասին խոսք չկա։

«Այդ հարցին ուռճացված ուշադրություն են հատկացրել Հայաստանի որոշակի քաղաքական ուժերը։ Պետք է ամբողջությամբ դիտել Լուկաշենկոյի հարցազրույցը՝ այնտեղ ոչ մի հիշատակում չկա, թե որևէ մեկը ինչ-որ մեկին ստիպում է ինչ-որ ինտեգրացիոն միավորման անդամակցել։ Ես չեմ հասկանում, թե ինչու է խոսք գնում ինչ-որ դիվանագիտական սկանդալի մասին»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին, գրում է ՏԱՍՍ-ը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնի ռուսաստանցի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, խոսելով ՌԴ և Բելառուսի միութենական հարաբերությունների մասին, կարծիք է հայտնել, որ Բելառուսի և ՌԴ-ի Միութենական պետությանն ապագայում կարող են միանալ հետխորհրդային տարածքի նաև այլ պետություններ՝ այդ թվում Հայաստանը, «որը տեղ չունի գնալու» և «ոչ մեկին պետք չէ»։ Նա ասել է, որ այժմ արդեն տեսանելի է ընդհանուր պաշտպանական տարածքը։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով ԶԼՄ-ների հարցին, անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե Հայաստանը «գնալու տեղ չունի» և «ոչ մեկին պետք չէ»։ «Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»,-ասվում է ՀՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ։