Փետրվարի 16-ին ադրբեջանական զինված ուժերի ծառայողները զենքի սպառնալիքով թույլ չեն տվել, որ գյուղացիներն աշխատեն Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքի խաղողի այգիներում։
Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանն ասել է, որ տեղի ոստիկանության շրջանային բաժնից հայտնել են՝ նման միջադեպերը հաճախակի են լինում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Երբ գյուղացիները փորձում են խաղողի այգիներում կամ առհասարակ այդ տարածքում աշխատել, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս։ Այս պահին Ասկերանի ոստիկանության շրջանային բաժնի պետն ու ռուս խաղաղապահները համատեղ բանակցություններ են վարում, որպեսզի գյուղացիները կարողանան եղանակների տաքանալուն պես իրենց աշխատանքը վերսկսել»,– նշել է Թադևոսյանը։
Նա ընդգծել է, որ հրաձգություն, կրակոցներ չեն եղել։
Ռուս խաղաղապահները պարեկություն են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում։
Փետրվարի 15-ին, ժամը 15։30-ի սահմաններում նույն Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել այդ վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ: Հակառակորդի կրակոցների հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ:






