AM
16 Փետրվար 2022 - 14:12 AMT

Արցախի թեմի առաջնորդը՝ ադրբեջանական վանդալիզմի մասին. Միշտ էլ մեր ունեցվածքի վրա աչք են ունեցել

Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, անդրադառնալով Արցախի օկուպացված տարածքների հայկական պատմաճարտարապետական հուշարձաններին սպառնացող վտանգին, ասել է, որ այս փուլում բողոքի ձայն են բարձրացնում տարբեր հարթակներում։

«Հիմա ուրիշ ի՞նչ պիտի կարողանանք անել: Այն, ինչ-որ ադրբեջանցիները հիմա անում են մեր մշակութային ժառանգության հետ, մեզ համար նորություն չէ: Միշտ էլ, որպես քոչվոր ազգ, մեր ունեցվածքի վրա աչք են ունեցել: Այսօր էլ նույնը շարունակվում է: Պիտի խելքի գանք, որ հասկանանք՝ ինչպես պահել մեր ժառանգությունը»,-ասել է նա, տեղեկացնում է Արմենպրեսը։

Արցախի թեմի առաջնորդը հավելել է, որ Ադրբեջանի ղեկավարությունն իր մտադրությունները, ծրագրերն արդեն պատրաստում է, նրանք գիտեն իրենց ազգային մշակութային ռազմավարությունը: «Անկախ նրանից, թե արտաքին դիվանագիտական, կրոնական ինչ հանդիպումներ են լինում, իրենք կա՛մ կրավորական դիրք են բռնում, կա՛մ ասում են՝ կմտածենք: Արդյունքում անում են այն, ինչ ծրագրել են»,-ասել է նա:

Նա շեշտել է, որ նման իրավիճակում պետք է ինքներս մեզ ապավինենք: Արցախի իշխանություններն, ըստ նրա, ամեն ինչ անում են ադրբեջանական կողմի այս վայրագությունները կանխելու համար:

«Պետք է խելք հավաքենք, ճիշտ աշխատենք մեր ազգային, կրոնական ինքնությունը պահպանելու համար: Մեր հայրերի ստեղծածն է, որ թողել են մեզ որպես ժառանգություն: Անփույթ ենք գտնվել, չենք կարողացել պահել, հիմա էլ ստանում ենք այն, ինչ ստանում ենք: Ես չեմ կարող վստահաբար ասել, որ Շուշիի եկեղեցին կպահպանվի: 2021թ. հոկտեմբերի 11-ին Մոսկվայում կրոնական եռակողմ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմն ասաց՝ իտալացի մասնագետներ են եկել վերանորոգման համար: Բայց մենք գիտենք, տեսել ենք, թե ադրբեջանցու կողմից վերանորոգում հասկացությունն ինչ է նշանակում. մեր դաշտային Արցախը, Նախիջևանը նայենք՝ ոչինչ չի մնացել, ամբողջն ավիրել են: Այսօր պետք է մեր ազգն ինքն իր հետ «պայմանագիր» կնքի այն մասին, որ այլևս տալու բան չունենք թշնամուն: Եթե ամեն մարդ իր մեջ նման հստակ որոշում կայացնի, դա կդառնա ազգային դաշինք, ազգի հետագա ճակատագիրն ու անվտանգությունը կարգավորելու «փաստաթուղթ»: Եթե չանենք, կմնանք այսպես բզկտված»,- եզրափակել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը:

Ավելի վաղ ՅՈւՆԵՍԿՕ-ից պատասխանել էին «Արմենպրեսին» և շեշտել, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է դառնա գործիք քաղաքական նպատակների համար: Նրանք կոչ էին անում բոլոր անդամ պետություններին ամբողջ աշխարհով մեկ հարգել այս սկզբունքը։

Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու մտադրության մասին։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը փետրվարի 3-ին հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա թողած ֆիկտիվ հետքերի վերացմամբ»: