Հայաստանը ռեկորդակիր երկիր է դարձել՝օդապարիկով ամենաերկար թռիչքն է իրականացվել։ Ռեկորդային թռիչքը փետրվարի 16-ին օդապարիկով իրականացրել է «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը իր ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ, տեղեկացնում է Արմենպրեսը։
Պատմության մեջ առաջին անգամ ավիացիոն սպորտաձևերում ՀՀ-ն SkyBall օդապարիկով թռիչքներ կազմակերպող ավիաընկերության շնորհիվ դարձել է ռեկորդակիր երկիր:
Բարսեղյանը նշել է, որ SkyBall-ի ամենաերկարատև առանց վայրէջքի համաշխարհային ռեկորդային թռիչքը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 16-ին Ռուսաստանի Օրենբուրգի շրջանից ժամը 08:00-ին, վայրեջքն իրականացրել են փետրվարի 17-ին երեկոյան՝ ժամը 18:45-ին: Թռիչքի տևողությունը եղել է 34 ժամ 41 րոպե:
Նախկինում սահմանած ռեկորդային թռիչքը տևել է 32 ժամ 12 րոպե:
Ռեկորդը գրանցվելու է Ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիայի կողմից, և հատկանշական է նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ ավիացիոն սպորտաձևերում գրվելու է Հայաստանի անունը։
«Նշեմ, որ նման ռեկորդները պատկանում են գերտերություններին: Եթե ցուցակը նայենք, կտեսնենք ԱՄՆ, Ռուսաստան, Ճապոնիա և Եվրոպական մեկ-երկու երկիր, հիմա այս շարքում կլինի նաև Հայաստանի անունը, ինչն էլ եղել է մեր գերնպատակը»,-եզրափակել է Նաիրի Բարսեղյանը:
Համաշխարհային ռեկորդին ընդառաջ «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ հունվարի 17-ին Հայաստանում օդապարիկով իրականացրել են բացառիկ թռիչք՝ անցնելով Գյումրից-Երևան Արագած լեռան գագաթների վրայով: